Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2010

Սիմպաթիկ օֆթալմիայի կլինիկական դեպք

Բանալի բառեր. Դալեն-Ֆուքսի հանգույցներ, պիգմենտային էպիթելի դեպիգմենտացիա` ակնահատակի «արևամուտի տեսքով», սիմպաթիկ օֆթալմիայի զարգացում աչքի տրավմայի հաջորդ օրը

 

Սիմպաթիկ օֆթալմիան (ՍՕ) հազվադեպ հանդիպող, աուտոիմունային, 90% դեպքերում գրանուլեմատոզ, չնեկրոզվող պանուվեիտ է, որն առաջանում է մեկ աչքի թափանցող վնասվածքից հետո` բարդացած անոթաթաղանթի արտանկմամբ, կամ հազվադեպ` ներակնային վիրահատությունից հետո: Հիվանդությունը հիմնականում զարգանում է երիտասարդ տղամարդկանց մոտ (80%): Դեպքերի 50%-ի ժամանակ բորբոքային պրոցեսը զարգանում է թափանցող վնասվածքներից, 47%-ի դեպքում` վիրահատական միջամտություններից, հազվադեպ (1-3%)` կոնտուզիաներից, եղջերաթաղանթի թարախային թափածակումից հետո [1]:

 

Հիվանդների 35-40%-ի մոտ եղել է կրկնակի վնասվածք, այսինքն` կրկնակի վիրահատություն, կամ կատարվել է աչքի վիրահատական միջամտություն: Վնասվածքից հետո ՍՕ-ի առաջացման ժամկետները տարբեր են: 65%-ի դեպքում ի հայտ է գալիս 2 շաբաթից մինչև 3 ամիս ընկած ժամանակահատվածում` առաջնային վնասվածքից հետո, 90%-ի դեպքում` առաջին տարվա ընթացքում [2]: Հաճախ ՍՕ առաջանում է ոչ վիրաբուժական վնասվածքից հետո: Հիվանդության ախտածագումը բարդ է և քիչ հետազոտված: Ներկայումս ՍՕ-ն դիտվում է որպես աուտոիմուն գենեզի բազմագործոն հիվանդություն, որն առաջանում է ուվեոռետինալ հյուսվածքի անտիգենների նկատմամբ (ցանցաթաղանթի S, պիգմենտային էպիթելի PEP-65, ռոդոպսին և ոսպնյակի անտիգեններ) բջջային և հումորալ սենսիբիլացման հետևանքով [3]:

 

Ներկայացնում ենք ՍՕ-ի կլինիկական մի դեպք, որը զարգացել է աչքի վնասվածք ստանալու հաջորդ օրը: Այն ակնաբուժական պրակտիկայում համարվում է խիստ հազվադեպ երևույթ:

 

2008թ. Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է ընդունվել 41 տարեկան մի հիվանդ` «OD-առողջ, OS-սկլերայի թափանցող վնասվածք, ծիածանաթաղանթի արտանկում» ախտորոշումով:

 

Կատարվել է վերքի առաջնային միկրովիրաբուժական մշակում: Հաջորդ օրը հիվանդը գանգատվել է առողջ աչքի տեսողության բացակայությունից:

 

Օբյեկտիվ քննությամբ` VIS OD=pr.l.certa, VIS OS=մատների հաշվում դեմքի մոտ, OU ճարպային պրեցիպիտատներ եղջերաթաղանթի էնդոթելի վրա, առաջային խցիկում խիստ, իսկ ապակենման մարմնում` չափավոր արտահայտված բորբոքային ռեակցիա: Առողջ աչքում առկա էր ցանցաթաղանթի տոտալ սերոզ շերտազատում: Ախտորոշվեց«OD-սիմպաթիկ օֆթալմիա»:

 

Բուժման նպատակով նշանակվել են պրեդնիզոլոնի հաբեր (100 մգ/օրական դեղաչափով, հիվանդի մարմնի կշիռը 74 կգ), oֆթան-դեքսամետազոն (աչքի կաթիլներ, 0,1%-անոց, ժամը մեկ), միդրիատիկներ (միդոպտիկ, 2,5%-անոց, ժամը մեկ):

 

Մեկ շաբաթ անց բուժմանը զուգընթաց նշանակվել է ազաթիոպրին, 50 մգ/օրական դեղաչափով, որը հաջորդ շաբաթվա ընթացքում հասցվել է օրական մինչև 100 մգ-ի: Կատարվել է արյան բիոքիմիական քննություն, երկու ամիսը մեկ: Պրեդնիզոլոնի դեղաչափը հաջորդ շաբաթ նվազեցվել է և հասցվել օրական 80 մգ-ի: 

 

Երկու շաբաթ անց VIS OD=0.08 VIS OS=0.1 էր: Օբյեկտիվ քննությամբ` ցանցաթաղանթի հեղուկը կիսով չափ ներծծված էր: Մեկ ամիս անց պրեդնիզոլոնի օրական չափաբաժինը նվազեցվել է, հասցվելով մինչև 60 մգ-ի: Մեկ ամիս անց` VIS OD=0.5-06 VIS OS=0.8 էր: Օբյեկտիվ քննությամբ` ցանցաթաղանթը ամբողջությամբ նստած էր առաջային խցիկում, իսկ ապակենման մարմնում առկա էր մեղմ բորբոքային ռեակցիա: Պրեդնիզոլոնի օրական չափաբաժինը 4 ամսվա ընթացքում նվազող սխեմայով 60 մգ-ից հասցվեց 0-ի: Երկու ամիս անց VIS OU=0.9-1.0 էր:

 

Օբյեկտիվ քննությամբ եղջերաթաղանթի վրա հայտնաբերվեցին մնացորդային, եզակի պրեցիպիտատներ, հեղուկի առաջային խցիկում և ապակենման մարմնում` բորբոքային հատուկենտ բջիջներ:

 

Երկու տարվա ընթացքում հիվանդությունը երեք անգամ կրկնվել է առաջային ուվեիտի տեսքով, սակայն հեշտությամբ ենթարկվել է բուժման աչքի կաթիլներով (ստերոիդներ, միդրիատիկներ): Կատարվել է նաև դիպրոսպանի սուբտենոնային 3-4 ներարկում:

 

Երկու աչքերի հատակում, միջին պերիֆերիայում երկու տարվա ընթացքում առաջացել են Դալեն-Ֆուքսի հանգույցներ, պիգմենտային էպիթելի դեպիգմենտացում«ակնահատակի արևամուտի» տեսքով (sunset glow fundus): Երկու աչքերի տեսողությունը պահպանվել է (0.9-1.0): Հիվանդին խորհուրդ է տրվել շարունակել ազաթիոպրին ընդունել 2-3 տարի, քանի որ ՍՕ-ին բնորոշ է խրոնիկական ընթացքը:

 

Այսպիսով, ՍՕ-ն հազվադեպ հանդիպող հիվանդություն է, կարող է զարգանալ աչքի թափանցող վնասվածք ստանալու նույնիսկ հաջորդ օրը և հանգեցնել երկու աչքերի տեսողության բացարձակ կորստի, սակայն վաղաժամ ախտորոշումը, ժամանակին կազմված իմունոսուպրեսիվ դեղորայքների ճիշտ սխեման հնարավորություն են տալիս տեսողությունը վերականգնել լիարժեք:

 

Գրականության ցանկ

 

  1. Robert B.Nussenblatt, Scott M.Whitcup, Aloen G.Palestine Uveitis; Fundamentals and Clinical Practice.-Chicago.-2004, P.104-110.
  2. Джек Кански Клиническая офтальмология. Первое издание.- 2006. 
  3. Basic Science course, intraocular inflammation and uveitis. 2004-2005. Sympathetic ophthalmia, 299-311.

Հեղինակ. Զ.Խ.Դրավաջյան, Ա.Վ.Հովակիմյան, Մ.Ս.Թևոսյան Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ